«Իրատեսի» հյուրը սիրիահայ գրող, հրապարակախոս, բժիշկ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆՆ է, որ մշտական բնակություն է հաստատել հայրենիքում և ակտիվորեն ներգրավվել հայրենի մշակութային կյանքի անցուդարձերի մեջ: Մեր մշակութային դաշտում կազմակերպվող տարատեսակ հավաքույթների ժամանակ նա առանձնանում է իր կարոտի, հայրենաբաղձ ոգևորության անմիջական, պոռթկուն դրսևորումներով և դյուրությամբ նվաճում իրեն շրջապատողների սերն ու բարեկամությունը:
«ԲՆՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՂԲԱՆՈՑԻ ՄԵՋ ԱՃԵՑՆԵԼՈՒ ԿԱՐՄԻՐ, ԲՈՒՐԱՎԵՏ ՎԱՐԴԵՐ»
-Պարոն Թորանյան, Ձեր «Կը մտածեմ» բանաստեղծությունն ազդարարում է.
«ՈՒ ահա ես ութսունի
Սեմին կանգնած լուսագէս
Ձէնով Օհան մը որպէս
Գոչել կրնման վճռապէս
Թէ սրտիս մեջ իմ անտես
ՈՒնիմ ճերմակ քանի՜ տետր,
Որոնց ձիւնկաթ էջերէն
Պիտի խոսիմ աշխարհին,
Թէ ունայն չէ կեանքը այս,
Երբ օրերուդ դաշտերուն
Հերկերն անվերջ ողողես
Որպէս սիրոյ սերմնացան»:
Ատելության համար անթիվ պատճառներ ունենալու այս ժամանակներում դժվար չէ՞ լինել «սիրո սերմնացան»:
-Մենք բնությունից կարող ենք օրինակ վերցնել՝ հաստատելու համար մեր գրածները: Ես աղբանոցի մեջ բուրավետ վարդեր եմ տեսել: Երբ բնությունն ի վիճակի է աղբանոցի մեջ աճեցնելու կարմիր, բուրավետ վարդեր, ինչո՞ւ մենք նման դրսևորումներ չունենանք մեր կյանքի մեջ:
-Ձեր հալեպցի ընկերոջ խոսքը վկայակոչելով՝ ասում եք. «Մենք հիմա սփյուռքում դարձել ենք հայանման մի բան, հայ չենք»: Հիմա, երբ մշտապես բնակվում եք հայրենիքում, Ձեզ ավելի՞ հայ եք զգում:
-Ես ինքս ինձ միշտ եմ հայ զգացել, երբեք սփյուռքահայ չեմ զգացել: Տարագիր ապրելու գաղափարն իմ մեջ արմատացած չի եղել: Ե՛վ ծնողներս, և՛ ուսուցիչներս նպաստել են դրան: Սասունցի մի ուսուցիչ եմ ունեցել՝ Սիմոն Սիմոնյանը, որի մասին 250-էջանոց գիրք եմ գրել: Պաշտել եմ ուսուցչիս: Ինչպես ավտոմեխանիկն է մեքենայի բոլոր դետալները մեկիկ-մեկիկ քանդում և վերաշինում, այդպես էլ նա էր մեզ հայ բանաստեղծության դասեր տալիս՝ բառ առ բառ, տող առ տող բացելով բոլոր շերտերն ու մեկնաբանելով ներքին բովանդակությունը: Ձեր հիշատակած խոսքն ասող ընկերս խարբերդցի էր: Մահացել է, թաղված է Բեյրութում: Ես Հայաստան տեղափոխվելուց առաջ գնացի նրա շիրմին այցի՝ հրաժեշտ տալու: Կանգնած շիրմի առաջ՝ ասացի. «Սփյուռքում մենք հայանման բան ենք: Ինչո՞ւ: Որովհետև սփյուռքն ինձ համար նշանակում է խարտոց»: Եթե ես բառարան գրեի, «սփյուռք» բառի դիմաց այդ բացատրությունը կգրեի՝ խարտոց: Հարյուր տարի մեզ խարտոցեց սփյուռքը: Մեզնից դուրս մնացին որոշ հայկական մասեր, որովհետև հեռու մնացինք մեր պատմությունից, մեր մշակույթից, մեր գրականությունից: Հայ լինելն այդ արժեքներին մերձենալով է հնարավոր պահպանել: Մեր բանաստեղծությունը համաշխարհային բոլոր արժեքների հետ բաղդատվելու պատվին կարժանանա, եթե թարգմանվի անգլերեն կամ այլ օտար լեզվով: Սքանչելի բանաստեղծություն ունենք: Արձակն էլ հետ չի մնում վերջին տարիներին: Հրանտ Մաթևոսյանն այնպիսի պատմվածքներ գրեց, որոնց հերոսները, ծնված լինելով նրա հայրենի փոքրիկ գյուղում՝ Ծմակուտում, ամերիկյան գրողների ստեղծած կերպարների զգացողությունն ու նկարագիրն ունեն: Այնպես որ, մենք ունենք համաշխարհային գրականության չափանիշներին մոտեցող արձակ գրականություն նաև, որի մեկ ներկայացուցիչն էլ Լևոն Խեչոյանն էր: Ես այստեղ եղած ժամանակս նրա ընկերությունն եմ վայելել, բայց չեմ կարողացել վայելել իր հետ զենքի ընկերությունը: Նա պատերազմի դաշտում կռվել է, վիրավորվել ու ստեղծել գրականություն: Մենք բոլոր դժվարություններին կարողանում ենք դիմանալ: Եթե հաց և ջուր լինի Հայաստանում, մենք այդքանով կբավարարվենք ու կստեղծագործենք:
«ՀԱՅՏՆԻ ՉԷ՝ ԻՆՉ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԸ»
-Կարպիս Սուրենյանը Ձեզ բնութագրել է իբրև արագաթռիչ Հերմես: Աշխարհի ո՞ր հատվածում եք Ձեզ ավելի կարևոր զգացել:
-Ես շրջել եմ շատ երկրներում՝ Չինաստան, Հնդկաստան, Հարավային Ամերիկա, Բրազիլիա, Արգենտինա, ՈՒրուգվայ, գրեթե ամբողջ արաբական աշխարհը: Ներկա եմ եղել հայ և արաբ բժիշկների համագումարներին, շատ երկրներում նաև ելույթներ եմ ունեցել: Բայց որևէ տեղ ինձ հարազատ չեմ զգացել, Հայաստանից բացի: Հայաստանում յոթ տարի ուսանել եմ բժշկական համալսարանում, հիմա էլ ապրում եմ այստեղ: Իմ հարազատը Հայաստանն է: Ես սփյուռքում մնացել եմ պարզապես աշխատելու համար: Ավելի քան տասներեք գիրք հայ գրականությունից թարգմանել եմ տվել արաբերեն: Նախաձեռնել եմ նաև արաբերեն երեք գրքի հրատարակություն, որոնց հեղինակներն արաբ էին. երկուսը՝ իսլամադավան, մեկը՝ քրիստոնյա: Այդ գրքերը 500-ական էջից էին բաղկացած: Բոլորը վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը: Անցյալ տարի Երևանում՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում, կայացավ գրքերից մեկի շնորհանդեսը, որը վերնագրված էր «Շարունակվող ցեղասպանություն»: Հեղինակին՝ Նաժի Նաամանին, պարգևատրեց մեր նախագահը: Գրքի սրբագրիչն է Գևորգ Յազիճյանը: Լիբանանի դեսպանն ինձ շնորհակալություն հայտնեց այդ նախաձեռնության համար: Այդ գիրքը հատկապես արժեքավոր է նրանով, որ նրանում հիշատակված փաստերի մեջ մեկ հայի անուն չկա: Բոլոր վկայություններն օտարազգիների կողմից են արված: Մեկ այլ գիրք տպագրվեց Դամասկոսում և Բեյրութում՝ «Հայերը պատմության ընդմեջէն» վերնագրով: Հեղինակը՝ Մըրուան Մըդաուարը, իր մեքենան վաճառեց, որպեսզի հոգա տպագրության ծախսերը: Հայկական կազմակերպություններն էլ գնեցին այդ գրքի բազմաթիվ օրինակներ, որպեսզի փոխհատուցեն հեղինակի ծախսերը: Ի պատիվ հեղինակի՝ Հալեպում կազմակերպվեց ընդունելություն Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, և նա պարգևատրվեց «Մեծն Տիգրան» ոսկե շքանշանով: Մյուս գիրքը կոչվում է «Հայերը արաբական պատմագրության ընդմեջէն»: Այս գրքի ապագա հեղինակը՝ Էդիբ Էլ Սեյեդը, մի օր թակեց տանս դուռը և առաջարկեց հայերի մասին արաբական պատմության մեջ իրեն հանդիպած վկայությունները տպագրել առանձին գրքով: Խնդրեց իմ օժանդակությունն այդ գործում: Դարձյալ հայերի համատեղ ուժերով հավաքվեց անհրաժեշտ գումարը, և տպագրվեց գիրքը: Այս երկու գրքերը սրբագրել է Պերճ Սաբաղյանը: Իմ գործը իմ ժողովուրդը ներկայացնելն է, և ես շարունակում եմ անել այդ գործը: Սփյուռքի մեջ ապրելու իրավունք ունի այն հայը, որն իր ժողովրդին է ծառայում:
-Ձեր գրական գործերում անթաքույց է հումորի գործոնը: «Ինչպէ՞ս է ոչխարի միսը» էսսեում, օրինակ, կենցաղային միջադեպի ֆոնին ծաղրում եք հայ կուսակցականների անհաշտ վարքագիծը: Բայց, փաստորեն, հայերը որոշ դեպքերում լինում են հաշտ ու միաբան:
-Մեզ համախմբողը միշտ Հայաստանն է: Հիմա Հայաստանում կարելի է հանդիպել ամեն տեսակի հայի՝ եկած աշխարհի բոլոր ծայրերից: Այս հողն այդ ուժը ունի: Մի դասախոսության ժամանակ ասել եմ, թե հայտնի չէ՝ ինչ քիմիական բաղադրություն ունի Հայաստանի հողը. եթե անգամ աղբ է խառնված այդ հողին, այն բուժիչ հատկություն ունի. վերքի վրա դնում ես, և վերքը լավանում է: Ես այս հավատքը միշտ եմ ունեցել: Այսօր դժվարություններ ունի Հայաստանը: Անգործություն կա, նեղություններ կան, բայց այսպես չի մնա Հայաստանի վիճակը: Իսահակյանի խոսքով՝ ինչ որ լավ է, մնայուն է, ինչ որ վատ է, գնայուն է: Գնայունը թերևս մի քիչ ուշանա, բայց համբերել և տոկալ պիտի կարողանանք: Հազարավոր տարիներով տոկացել են այս հողը, այս երկիրը, այս ժողովուրդը, կտոկան նաև ապագայում:
«ԱՐԱԳԱԾՆ ԱՎԵԼԻ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄՆԱՑԵԼ Է ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ, ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԱՅՆ ԳԵՐԵԼ»
-Սարոյանը Ձեզ ժամանակին հորդորել է «խաղ» ¥թատերգություն¤ գրել, որովհետև այդպիսով ավելի լայն լսարան կարելի է ունենալ, ավելի արագ կարելի է ասելիքը տեղ հասցնել աշխարհի տարբեր անկյուններում: Թատրոնը ավելի՞ հզոր զենք է, քան գրականությունը:
-Չեմ ասի՝ ավելի հզոր, բայց կասեմ՝ հզոր: Թատրոնի դերը շատ մեծ է: Մարդիկ իրենց պատկերն են տեսնում բեմի վրա: Կյանքում իրենք իրենց չեն տեսնում, բայց թատրոնի մեջ տեսնում են: Երբ բեմի վրա տեսնում են Հակոբ Պարոնյանի թատերախաղը՝ Հրաչյա Ներսիսյանի նման դերասանի կատարմամբ, չեն կարող չազդվել: Երբ ժամանակին Փափազյանը կամ Ներսիսյանը քայլում էին Երևանի փողոցներով, մարդիկ խոնարհվում էին, որևէ տաքսիստ դրամ չէր վերցնում նրանցից: Հարգում-պատվում էին այդպիսի մարդկանց, մտավորականն արժեք ուներ: Հիմա պակասել է այդ արժևորումը, բայց դա չի նշանակում, թե այս վիճակը կշարունակվի երկար: Այս ժողովուրդն այսօր էլ ունի հարյուրավոր գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ, որովհետև մենք տաղանդավոր ժողովուրդ ենք: Այնպես որ, այս դժվար օրերը կանցնեն: Մի քիչ ժամանակ է պետք, մի քիչ համբերություն: Մենք պիտի դիմանանք այսօրվա դժվարություններին: Մենք մեր բնությանը պիտի նմանվենք, մեր Արարատին պիտի նմանվենք: Եթե խոսեցնենք Արարատը, ո՞վ գիտի՝ ինչե՜ր կպատմի հայերի մասին: Օրինակ առնենք մեր սարերից՝ Արարատից, Նեմրութից, Արագածից: Արագածն ավելի եմ սիրում, որովհետև մնացել է ազատ Հայաստանի մեջ, չեն կարողացել այն գերել: Գուցե ոմանք հարցնեն, թե որտեղի՞ց ինձ այսքան լավատեսություն: Մի օր Անդրանիկ Ծառուկյանն ինձ ասաց. «Թորո՛ս ջան, այս խանդավառությունդ ե՞րբ պիտի վերջանա»: Ասացի. «Անդրանի՛կ, այդ հարցումն ինձ չէ, որ պիտի ուղղեիր: Պիտի ուղղեիր լեռան կողքից բխող աղբյուրին, նրան պիտի հարցնեիր, թե ինչպե՞ս չի հոգնում, երբ ամառ-ձմեռ հոսում է»: Այսինքն՝ մարդու խանդավառությունը չպետք է պակասի, հավատքը չպետք է պակասի, կարոտի զգացումը չպետք է պակասի, որովհետև այսօրվա Հայաստանը մեր կարոտից է ծնվել: Կարոտ ունեինք այս տեսակ Հայաստանի: Մեր կարոտից պիտի ծնվի նաև Արևմտյան Հայաստանը: Այս երեսուն հազար քառակուսի կիլոմետրը ցատկատախտակ է, որտեղից պիտի ցատկենք-հասնենք Արևմտյան Հայաստան:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ